Վազող տող

$64 000-ի հափշտակության համար Շենգավիթի նոտարին մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբեր 16, 2016
$64 000-ի հափշտակության համար Շենգավիթի նոտարին մեղադրանք է առաջադրվել
Հայաստան
0

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նոտարը յուրացրել է իրեն վստահված 64 հազար ԱՄՆ դոլարը։

Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով քաղաքացին 81 հազար դոլարով վաճառել է իր բնակարանը։ Գնորդը վճարել է 16.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 65.000 ԱՄՆ դոլարը պարտավորվել վճարել մինչև 2015 թվականի մարտի 15-ը, սակայն պայմանավորվածությունը խախտվել է, և մարտի 20-ին փոխանցվել է ընդամենը 1000 ԱՄՆ դոլար։

Ամիսներ անց՝ 2015 թ. հուլիսի 8-ին, բնակարանի նոր սեփականատերը գրավոր դիմել է  «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտարին՝ խնդրելով 64.000 ԱՄՆ դոլարն ընդունել դեպոզիտ՝ բնակարանի նախկին սեփականատերերին հանձնելու համար։ Նոտարը գրանցամատյանում կատարել է համապատասխան գրանցումը՝ գումարն իրեն հանձնելու վերաբերյալ, սակայն, խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 73-75-րդ հոդվածների պահանջները, այն չի ընդունել դեպոզիտ հաշիվ և չի հանձնել նախկին սեփականատերերին։

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ նոտարը յուրացման եղանակով հափշտակել է նշված 64.000 ԱՄՆ դոլարը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, օրենքով սահմանված կարգով, նոտարին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։    Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նոտարն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Comments are closed.